from ոսկեզօծ
Նամակ Երևանին
Կալումեյում Հախվերդյան է հնչում։ Արդեն պատրաստնում էինք գնալ տուն բայց լսեցինք “Բարի լույս Տիկին Արուսը” ու հետ գնացինք։ Հետ գնացինք ու բարձր երգեցինք Հախվերդյանի հետ միասին։ Հետո միացավ Երևաննը մենք Ենք-ը ու մենք, թեթև արցունքները դեմքերիս էդ մեկն էլ երգեցինք։ Մի ուրիշ ձև է լսվում “Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ” բառերը երբ երկար Երևաննում չես լինում։ Կալումեյում հանկարծակի հանդիպում եմ ծանոթ մարդկանց։ Հարց չկա, իրար հետ կնստենք, չնայած որ ես էլ իմ մոտիկ մի ուրիշ ընկերուհու հետ եմ։ Ոչինչ, հոգ չէ, բոլորս միասին կնստենք՝ ծանոթ, անծանոթ, հին ընկերներ՝ որոնք վերածվել են անծանոթի, մարդիկ՝ որոնք գուցե մի օր դառնան մոտիկ ընկերներ, իսկ գուցե մնան մեկ օրվա խմելու կոլեգաներ և կորեն ժամանակի ու տարածության մեջ։ Երևանին՝ իմ հին ընկերոջ պես եմ վերաբերվում։ Կռվում եմ հետը, սիրո նամակներ գրում իրեն, կարոտում բայց նույն ժամանակ առ ժամանակ հոգնում իրենից։ Ընկերությունը միշտ կարևոր է եղել ինձ համար։ Մարդկանց ում ընկեր եմ անվանել ու անվանում, միշտ սրտիս ամենախորքում եմ պահում, ու հիշում եմ նույնիսկ նրանց ովքեր ցավեցրել ու տխրեցրել են ինձ։ Երևանը շատ է ինձ տխրեցրել, փոխվել է դեպի վատը, կորցրել է իր տաքությունը, որը այնքան շատ էի սիրում փոքր ժամանակ։ Երևանը, որը կարոտում եմ, հին ընկերների պես, միայն հիշողությանս մեջ գոյություն ունի։ Պինդ պահում եմ մեր լավ օրերը հիշողությունը ու ցավում երբ տեսնում որ այդ հիշողությունը անկրկնելի է։ Ամենատարբեր պատճառներով են ընկերները իրարից հեռվանում։ Մեծանում են իրարից, չեն դիմանում իրար փոփոխություններին, չեն ընդունում իրար կատարած որոշումները, կամ ուղակի մոռանում են իրար առօրյայի մեջ ընկնելով։ Երբեք չէի կարծում որ Երևանից կհեռվանամ։ Կարծում էի, որ ամեն ինչ իրեն կհանդուրժեմ, բայց չկարողացա։ Հոգնեցի։ Գնացի։ Կարծում էի, ուրիշ մի քաղաքի հետ կընկերանամ, բայց դա էլ չկարողացա։ Ուրիշ քաղաքը ինձ չճանաչեց, ինձ իրենը չհամարեց, ինձ հիշացնում էր ամեն անգամ, որ ես այստեղ ուրիշն եմ, օտարն եմ։ Էլի փորձեցի։ Սկսեցի ուրիշ քաղաքում Երևանի հետքեր փնտրել։ Սկսեցի ձևացնել որ ջրանցքի մոտ քարե երկհարկանի 400 տարեկան տունը շատ էլ նման է իմ Երևանյան սովետական բարձրահարկի, որ միակ բառը որտեղ ծխում են ու էժան խմիչք վաճառում շատ էլ նման է Կալյումեին։ Բայց ախր այդ շենքում երբեք ճռացող վերելակ չի լինի, բառում երբեք Հախվերդյան չի հնչի, երբեք հանկարծակի հին ընկերների չեմ հանդիպի։ Հետ եկա Երևան, իսկ Երևանը ինձ կգրկեց, կվազեց դեպի ինձ ինչպես ես կվածեի իր մոտ, երկար բաժանումից հետո։ Երևանը ուրիշ ընկերներ ունի, ուրիշ մարդիկ են սիրում Երևանը հիմա, իսկ ինձ վրա Երևանը կնայի հեռվից ու գլխով կանի։ Բայց մի պահ, Կալումեում կհնչի Ֆորշ, ու Երևանը ինձ կհիշի, ու կհիշեցնի մարդկանց այնքան հեշտ հասանելի մոտիկության մասին։ Երևանը ինձ կտանի փողոցներով, կասի “Նայի, հիշում ես ինչ ուրախ էինք այստեղ։” Կասեմ “այո, այո, միշտ հիշում եմ, ամեն քաղաքում քո փողոցներն եմ փնտրում։” Ու Երևանը, ինձ Պուշկին-Պռոսպեկտ փողոցի պուլպուլակից ջուր հյուրասիրելով կասի “Ես էլ եմ հիշում։” Երևանը ինձ կասի “արի, երբ ուզում ես արի։ Գուցե անցյալի պես չեմ կգրկի, գուցե չհասկանանք իրար ու էլի ու էլի տխրեցնեմ քեզ, բայց կհիշեմ քեզ ու քեզ կհիշեցնեմ մեր ուրախ տաք ընկերության մասին։” Գիշերը մի քիչ գինովցած կքայլեմ Երևանի փողոցներով ու մենք կհիշենք իրար ու մի պահ Երևանյան ձմեռը ցուրտ չի լինի, ինչպես ուրիշ քաղաքի ձմեռն է ցուրտ լինում։ Մենք կհիշենք իրար, կգնանք մեր ճանապարհներով ու հասկանալով, ժպտալով իրար ցտեսություն կասենք։